← Վերադառնալ բոլոր նախագծերինԽաղողի վերամշակման արտադրամաս Ակնաղբյուրում

Նախագծի նպատակը
Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրում նախագծվել է ժամանակակից խաղողի վերամշակման արտադրամաս և չորանոց: Ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա և թեք ռելիեֆ ունեցող 0.25 հա հողատարածքում տեղակայված այս համալիրը նպատակ ունի զարգացնել տեղական արտադրությունը՝ ապահովելով տեխնոլոգիական բոլոր ժամանակակից պահանջները:
Հատակագծային և ֆունկցիոնալ լուծումներ
Շենքն ունի եռահարկ կառուցվածք (ներառյալ նկուղային հարկը) և բազմալանջ տանիք.
Նկուղային հարկ (-2,70 նիշ): Հիմնականում ծառայում է որպես պահեստային գոտի (120.8 քմ): Այստեղ տեղակայված են նաև սառնարանային հատվածը, կաթսայատունը, լվացքատունը և սանհանգույցները: Հարկն ապահովված է բեռնատար վերելակ-ամբարձիչով:
Առաջին հարկ (±0,000 նիշ): Հիմնական տեխնոլոգիական գոտին է, որտեղ իրականացվում է հումքի լվացումը, թաց մշակումը և չորացումը: Նախատեսված են նաև տեխնոլոգի սենյակ և սանհանգույցներ:
Երկրորդ հարկ (+3,300 նիշ): Վարչական և ուսումնական գոտի: Ներառում է դասընթացների սենյակ, տնօրենի և անվտանգության աշխատակցի սենյակները, հաշվապահությունը և պատշգամբ՝ տեսարանով դեպի բնակավայր:
Ճարտարապետական և էսթետիկ լուծումներ
Ճակատային հարդարում: Շենքի արտաքին տեսքը ներդաշնակված է Տավուշի բնության հետ: Օգտագործվել է Իջևանի թերթաքարի, բազալտի և ապակե մակերեսների համադրություն:
Տանիք: Բազմալանջ տանիքը ծածկված է փափուկ կղմինդրով, ինչը շենքին հաղորդում է ջերմ և բնական տեսք:
Բարեկարգում: Տարածքի շուրջ 43.5%-ը կանաչապատված է: Բակում նախատեսված է նաև զրուցարան և քարե պարիսպ:
Տեխնիկական բնութագիր
Կառուցվածք: Միաձույլ երկաթբետոնե հիմնակմախք և ծածկեր, քարե արտաքին պատեր՝ ջերմամեկուսիչ շերտով:
Մակերեսներ: Կառուցապատման մակերեսը՝ 250.63 քմ, հարկերի ընդհանուր մակերեսն արտաքին եզրագծով՝ 543.5 քմ:
Ինժեներական ապահովում: Կենտրոնացված ջրամատակարարում և հոսանք, անհատական ջեռուցում և սեպտիկ հոր: